ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԵԿ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ

ՄԵԿ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ
13.03.2012 | 00:00

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Նա ծնվել է մ.թ.ա. 7-րդ դարում և ժամանակակիցն է եղել Հին աշխարհի յոթ իմաստունների ու Հանրապետական Հռոմի, նրա ներկայությամբ են իրենց արևածագն ու մայրամուտն ապրել կեսարները, նրա հայացքի տակ են կառուցվել եգիպտական բուրգերը, և նրա խաղաղ ու անվրդով ուշադրության կենտրոնում են եղել չինական իրար հերթագայող դինաստիաներն ու չինական պատին նա էլ իր քարն է դրել: ՈՒ եթե ուշադիր նայեք Ալեքսանդրիայի Մուզեոնի պապիրուսները, գտնելու եք նաև նրա ձեռագրերը: Արդեն չեմ ասում, որ բուրգերը կառուցողներն անապատի բարկ արևի տակ շշնջացել են նաև նրա տողերը: Միջնադարյան աուտոդաֆեներում նա էլ այրվել է Ջորդանո Բրունոյի ու Ջիրոլամո Սավոնարոլայի հետ, ու Նիկոլո Մաքիավելին նաև նրա հետ է խորհրդակցել իր անանց պատմությունները գրելիս, և արդեն ակնհայտ է նրա ներկայությունը Լեոնարդո դա Վինչիի արվեստանոցում, ուր «Ջոկոնդան» է վրձնվել: «Դավիթը» քանդակող Միքելանջելոն իր կծկված մատներով սոնետներ գրելիս նրա աչքերին է նայել ու գուցե միայն այնտեղ է տեսել բիբլիական Արարատը, որ այդպես էլ որոնեց ամբողջ կյանքում, բայց Կարարայում Արարատ չկար: ՈՒ երբ Նիկոլո Պագանինին գրում էր իր խելագար կապրիսները, հաստատ նաև նրա «Դանթեականն» էր կարդացել ու «Երկիր Նաիրին», որ իր օրերին շատ էր նման իր երկրի պատմությանը: Նրան կարող եք գտնել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կողքին, երբ իր սքանչելի սերենադներն էր գրում ու իր սակրալ «Ռեքվիեմը»: Նա երկար է թափառել այս աշխարհում, ու նրա ոտնահետքերը կան բոլոր անապատների ավազներին, գունավոր ավազներին ու անգույն, ու հատկապես սամումի պահին: Նա շրջել է աշխարհի բոլոր ճանապարհներով ու լողացել բոլոր ծովերով, և եթե երբեմն օվկիանոսները ծառս են լինում իրենց ընդմիշտ լողալու ճակատագրի դեմ, դուք նրա ձայնը կարող եք լսել ցունամիի ահեղ շառաչի մեջ: Նա եղել է միշտ, ու եղել է ամենուր մարդու կողքին: Մարդու, որ նույնիսկ չի էլ կարդացել նրա որևէ տողը: Բայց սրտում ունի ներդաշնակություն ու հոգու մեջ զգում է Բառը: Եվ ամենահզոր նա եղել է իր լռության մեջ, որովհետև երբ լռում են Բանաստեղծները, ուրեմն Աստված է խոսում: Եվ եթե որոշեք որոնել նրան, մի փնտրեք գրքերում, նա հազարամյակից հազարամյակ է հասել տիեզերական անբացատրելի ուժով, որը մեկնելը, փառք Աստծո, մարդու ուժերից վեր է: Նա եղել է մեզ հետ, մեր կողքին, մեզնից մեկը ու միշտ մեզնից դուրս, մեզնից վեր, բոլորի համար ու յուրաքանչյուրի հետ:
Եղիշե Չարենցը ծնվել է մ.թ.ա. ու Քրիստոսի ծննդից հետո ապրած 20 դարերում ու 21-րդ դարի այս մի ակնթարթում մնացել է այնքան ու այնպես միայնակ, որ ևս մի քանի հազարամյակ է նրան պետք` ճակատին գոնե մի կնճիռ ունենալու համար: ՈՒ նրա պատմությունը սքանչելի պատմություն է մարդու մասին, որ դեռ հազարամյակներ հետո է ծնվելու: Բայց արդեն շատ վաղուց կա նրա սպասումը, ու նույնիսկ մարգարեներ են եղել, որ ավետել են նրա գալուստը, բայց չեն տվել նրա անունը, որովհետև ոչ մի նշանակություն չունի, թե ինչ անոթում է ոգին: ՈՒ նրա ձայնի ձայնը մի տասնյակ անգամ հնչել է արդեն և հնչելու է դեռ մի հարյուր անգամ:
«Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին»` այս ինքնակենսագրությունը բոլորինս է, ճիշտ է` մեծամասնությունս բարեհաջող աղավաղում է հետո իր կենսագրությունը` վտարելով հոգին ու թողնելով տառը, և կորցնելով կատարելության ոչ միայն ճանապարհը, այլև իմաստը: ՈՒ հենց այդ պատճառով նրանք մնում են մեր կողքին ու մեզ համար պահում գոյության այն օազիսը, որտեղ բովանդակությունը միշտ գտնում է իր ձևը և եռամիասնությանն այլևս ոչինչ չի պակասում` հավերժության հետ հոսելու համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԸՆԹԱՑՍ
Բոլոր նրանք, ովքեր հակված են սխալներ որոնելու, գտնելու ու երջանկանալու, թող հիշեն, որ արվեստը, ի վերջո, չունի սահմաններ և, ի վերջո, ամբողջ գրականությունը պատկանում է մեկի գրչին, որ ունի մեկ անուն միայն` ՀԱՆՃԱՐ, և ուղղված է վերստին միայն ու միայն մեկին, ում անունն ընթերցող է: Եվ միայն հանճարների բարությունից է, որ նրանք ծնվում են տարբեր վայրերում ու տարբեր ժամանակներում: Մնացածը իսկապես տեխնիկայի հարց է:

Դիտվել է՝ 1697

Մեկնաբանություններ